Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետությունների շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը: Նշվել է, որ միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է միջոցառումների իրականացման ուղղությամբ լինել խիստ հետեւողական եւ հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը քննարկելու եւ խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով: «Պետք է արդեն այսօրվանից սկսել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները՝ քննարկումներ անցկացնելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ», - նշել է վարչապետը: