Հնդկաստանի հյուսիսային նահանգներում ավելի քան 50 կին ոստիկանությանը հայտնել է, որ ինչ-որ մեկը կտրել է իրենց մազերը, մինչ իրենք անգիտակից վիճակում էին։ Իշխանությունները դեռ չեն կարողանում պարզել, թե ով է կանգնած այդ տարօրինակ պատահարների շարքի ետեւում, որոնց պատճառով տեղի կանանց մոտ խուճապ է սկսվել, հայտնում է BBC-ն։

«Լույսի ուժեղ բռնկում եղավ, ու ես կորցրեցի գիտակցությունց։ Մի ժամ հետո հասկացա, որ ինչ-որ մեկը կտրել է մազերս»,- պատմել է 53-ամյա տանտեսուհի Սունիտա Դեւին։ Նա առայսօր ծանր ապրումներ ունի այդ խորհրդավոր «հարձակման» պատճառով։

«Ուրվական վարսավիրների» մասին առաջին հաղորդագրությունները ստացվել են հուլիսին Ռաջաստան նահանգից, հետագայում նույնատիպ դեպքերից դժգոհել են նաեւ այլ նահանգներում, նույնիսկ մայրաքաղաք Դելիում։

Սունիտա Դեւիի խոսքով իր վրա հարձակվել է մի տարեց տղամարդ, որը «վառ գույնի հագուստով» էր։ Կնոջ հարսնացուն ու որդին ոչինչ չեն լսել ու չեն տեսել։

Սունիտայի տնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հենց հաջորդ օրը Աշա Դեւին նույնպես իր մազերից զրկվել է նույնատիպ հանգամանքներում։ Բայց այս անգամ հարձակվողը ենթադրաբար կին է եղել։

Ոստիկանությունը սկսել է հետաքննել այդ դեպքերը։ «Դրանք շատ տարօրինակ դեպքեր են։ Մենք ոչ մի ապացույց չենք գտել հանցագործությունների վայրերում, զոհերի բժշկական հետազոտությունները ոչ մի արտառոց բան չեն բացահայտել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ նշելով, որ ոչ ոք չի տեսել ենթադրյալ հարձակվողներին։

Նրա խոսքով տարբեր նահանգների ոստիկանները միավորել են ջանքերը՝ փորձելով «գոնե որեւէ իմաստ» գտնել այդ միջադեպերում։ «Միայն զոհերն են ասում, որ տեսել կամ զգացել են հարձակվողների ներկայությունը։ Մենք կպարզենք ճշմարտությունը, բայց առայժմ կոչ ենք անում մարդկանց չհավատալ լուրերին»,- ասում է նա։