Վաշինգտոնում մտադիր են հեշտացնել ԱՄՆ-ից անօդաչու տեխնիկայի արտահանման ընթացակարգը, վերացնելով մի շարք սահմանափակումներ, որոնք գործում էին նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրոք։ Այս մասին գրում է Defense News –ը, վկայակոչելով Սպիտակ տանն իր բարձրաստիճան աղբյուրը։
«Մեր նպատակն է ճիշտ հավասարակշռել մեր դաշնակիցներին բարձրորակ ռազմական արտադրանք մատակարարելը, ամերիկյան արդյունաբերության տեխնոլոգիական առաջատարությունը պաշտպանելն ու անվտանգության ու չտարածման հարցերում ԱՄՆ առանցքային դիրքերը պահպանելը»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Հրապարակման մեջ նշվում է, որ անօդաչու տեխնիկայի ամերիկյան արտադրողները վաղուց են ԱՄՆ իշխանություններին գանգատվում՝ շեշտելով, որ գործող սահմանափակումները թույլ չեն տալիս իրենց հավասար մրցակցել դրոնների մյուս ակտիվ արտահանողների, օրինակ Իսրայելի կամ Չինաստանի հետ, որտեղ իրենց արտադրողների հանդեպ վերաբերմունքը շատ ավելի ազատական է։
ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այս հարցում առաջին տեղաշարժերը ակնկալվում են 2017-ի աշնանը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ դժգոհելով Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից որոշումների կայացման «քաոտիկ» բնույթից։
Նա, սակայն, նշել է, որ ի վերջո այդ որոշման արդյունքում հնարավոր կլինի հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծել ու լրացուցիչ միլիարդավոր դոլարներ ստանալ։



























