Ոչ մի գործով փաստաբանի հանդեպ նման ստորացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերվում՝ ինչպես «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկու գործերով ամբաստանյալների պաշտպան Արա Զաքարյանը՝ անդրադառնալով փաստաբաններին խուզարկելուն։
Նշենք, որ վերոնշյալ գործերով դատական նիստերը փաստաբանների ու կարգադրիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերի պատճառով ձգձգվում են եւ գործերը ըստ էության չեն հասնում բուն դատաքննության փուլին։ Կարգադրիչները պահանջում են, որ փաստաբանները բացեն պայուսակները ու ցույց տան պարունակությունը, մինչդեռ փաստաբանները պնդում են, որ դա խուզարկություն է, ինչն անօրինական է։ Այս միջադեպերից հետո Դատական դեպարտամենտը հայտարարեց, որ զննող սարքեր նախատեսված են դատարաններում տեղադրել 2018 թվականից, իսկ մինչեւ այդ զննությունը պետք է կատարվի մետաղորսիչ սարքերով։ Զննող տեխնիկայի տեղադրումից հետո կարգադրիչները ստիպված չեն լինի մետաղորսիչ սարքի ազդանշաններով առաջնորդվելով՝ խուզարկել պաշտպանների պայուսակները։
Հարցին՝ եթե 2018–ից հետո են դատարաններում տեղադրվելու սարքերը, դա նշանակո՞ւմ է, որ մինչեւ 2018–ը շարունակվելու է ստեղծված իրավիճակը, Զաքարյանը պատասխանեց.
«Փաստաբանները իրենց դիրքորոշումը չեն փոխի, ցնցողն այն է, որ ոչ մի գործով նման խնդիր չի առաջանում, ոչ մի գործով փաստաբանի հանդեպ նման ստորացուցիչ վերաբերմունք չի ցուցաբերվում՝ ինչպես Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսների դատական գործերով։ Հակառակը, այլ գործերով նիստերի դեպքում փաստաբանի գործողությունները դիտում են բարեխղճության կանխավարկածից ելնելով, որ փաստաբանները ոչ մի արգելված իր չեն տանի եւ խնդիր չեն առաջացնի։ Իսկ Սասնա ծռերի գործով լրիվ հակառակ պարագան է, ինչը վերին աստիճանի նվաստացուցիչ է»,–ասաց Արա Զաքարյանը։
Փաստաբանը հայտարարեց, որ իր դիրքորոշումը չի պատրաստվում փոխել եւ շարունակելու է թույլ չտալ, որ խուզարկեն իրեն։
«Ես չեմ կարող ասել՝ երբ կբերեն այդ սարքերը, համենայն դեպս, ինձ համար շատ զարմանալի է այն հարցը, երբ որ դատարաններ էին կառուցում ու ահռելի ֆինանսներ էին հատկացվում տեխնիկական հագեցվածության համար, ինչու այս հանգամանքը հաշվի չեն առել, սա ցնցող է։ Էլ չասած, որ իրենց տեղադրած տեխնիկայի մի մասն էլ պիտանի չէ։ Չեմ կարող ասել, որ 2018–ին էս հարցը լուծում կստանա, որովհետեւ երաշխիք չկա, որ սարքեր բերելու հայտարարությունը կիրականան 2018–ին կամ դրանք նորմալ կաշխատեն»,–նշեց փաստաբանը։




























