Սպանություն կատարելու, ապօրինի կերպով ձեռք բերված զենք-ռազմամթերք կրելու եւ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն կատարելու մեջ մեղադրվող Սասուն Կարապետյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Իսկ ամբաստանյալներից Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը, եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 2 ամիս ժամկետով:

Ըստ մեղադրանքի, Սասուն Կարապետյանը 2014 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 16.20-ի սահմանում Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտ, Վարդենիս քաղաքի բնակիչ՝ Արման Մանուկյանի կողմից, իր ընկերոջ Սարգիս Գալստյանի դեմքի շրջանին հարվածելուց եւ նույն օրը ժամը 16.30-ի սահմաններում Արման Մանուկյանի կողմից իրեն ձեռքով հարվածելուց, ապա փայտով իր «ԲՄՎ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենային հարվածելուց վիրավորված, նույն օրը ժամը 17-ի սահմաններում, որպես հատուցում Արման Մանուկյանի կողմից իրեն պատճառված անպատվությանը, ապօրինի կրելով իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահած հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտով, հանդիպել է ընկերոջը՝ Սարգիս Գալստյանին, այնուհետեւ վերջինիս անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, առջեւի աջ նստատեղին նստելով, միասին գնացել են Արման Մանուկյանի բնակության վայր: Այնտեղ ցուցադրաբար ավտոմեքենան կայանել են Գրիշա Մանուկյանի բնակարանից շուրջ 150 մետր հեռավորության վրա, ինչը նկատելով Գրիշա Մանուկյանը, Արման Մանուկյանը եւ նրանց ընկերները, Գրիշա Մանուկյանի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել ու կանգնել են Սարգիս Գալստյանի ավտոմեքենայի դիմաց: Սասուն Կարապետյանն ապօրինաբար Արման Մանուկյանին կյանքից զրկելու դիտավորությամբ վերցնելով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը մեքենայի առջեւի աջ նստատեղից իջել եւ մոտեցել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղում նստած Արման Մանուկյանին, հայհոյել ու ինքնաձիգի փողն ուղղելով Արման Մանուկյանի կրծքավանդակի ուղղությամբ կրակոց է արձակել եւ ապօրինաբար Արման Մանուկյանին պատճառել հրազենային, գնդակային, թափանցող միջանցիկ մահացու վնասվածք, ապա ինքնաձիգը ձեռքին արագ մոտեցել է իրեն արդեն իսկ սպասող Սարգիս Գալստյանի ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղի բաց դռանը, նստել ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղին եւ Սարգիս Գալստյանի հետ դիմել է փախուստի` իրենց հետ տանելով ինքնաձիգը:

Իսկ Արման Մանուկյանին եղբայրը` Գրիշա Մանուկյանը տեղափոխել է Վարդենիսի հոսպիտալ, որտեղ Արման Մանուկյանը ժամը 18.05-ին ընդունվել է մահացած վիճակում:

Դրանից բացի, Սասուն Կարապետյանն առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել եւ իրենց բնակարանի ննջասենյակի պատուհանագոգին ապօրինի պահել է 0.95 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 11-ին կատարված խուզարկության ընթացքում նշված վայրից հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: