«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ («Միայնակ գայլ») մոտ դատարանում հունիսի 28-ին ծեծի ենթարկվելուց հետո լսողության խնդիր է առաջ եկել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանը այդ օրը հարվածներ է ստացել հենց այդ ականջին, որից հետո անընդհատ արյան տեսքով արտադրություն եւ ցավեր կան։

«Ականջի ցավից բողոքում էր, որից հետո բժիշկ էր եկել եւ հետազոտել, նկատել է, որ ականջի մեջ կան վերքեր, արտադրություն արյան տեսքով»,-ասաց նա։

Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետը գրություն է ուղարկել քրեական հիմնարկի վարչություն՝ պետպատվերով բուժում նշանակելու համար, ինքը եւս դիմել է, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի իր պաշտպանյալի հետազոտությունն ու բուժումը։

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: