Երեւանի բակերը կանաչ գոտիների ոռոգման տեսակետից անտեր են մնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով՝ մայրաքաղաքի բակերի խնդիրը պահպանվում է, չնայած վերջին տարիներին բակերի բարեկարգման աշխատանքներ են տարվել, ստեղծվել են խաղահրապարակներ, որոշ տեղերում ծառեր են տնկվել։ Բայց, ըստ էության, բակերն ինչ-որ առումով անտեր են մնում, մանավանդ բակերի կանաչ գոտիները, արձանագրեց Կարինե Դանիելյանը։

Որպես օրինակ նա ներկայացրեց Խանջյան փողոցում գտնվող իր տան բակի կանաչ գոտին։ Բնապահպանը հիշեցրեց, որ տարեցտարի ամառներն ավելի շոգ են դառնում, եւ ծառերը պետք է ջրել։

«Ես փորձել եմ պարզել, բայց այդպես էլ չեմ պարզել, թե հատկապես ո՞վ պետք է զբաղվի բակերում ծառերը ջրելու հարցով։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Արդյունքում իմ  հարեւանների հետ միասին սկսեցինք ինքնուրույն ջրել ծառերը։ Ես գնեցի փողրակ, ջրի հոսքի համար ակոսներ արեցինք, որպեսզի ապահովենք ամբողջ կանաչ գոտու ոռոգումը։ Մի տարի հետո տեղական իշխանությունները որոշեցին բարեկարգել բակը։ Մի կողմից լավ է, որ փոխել են նստարանները։ Մյուս կողմից էլ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց բնակիչների տեսակետով հետաքրքրվելու, բազմաթիվ մետաղական ագելապատնեշներ են դրել, տարածքում մանրախիճ են լցրել, տեղ-տեղ ասֆալտապատել, արդյունքում մենք չենք կարողանում ջրել, քանի որ բոլոր մուտքերը փակվել են։ Մինչդեռ բակային հանգստի համար տարածքը գոյություն ունի, որովհետեւ այնտեղ ծառեր ու թփեր կան։ Ես զանգահարեցի ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ թաղապետարան, բայց որոշակի պատասխան այդպես էլ չստացա»,- նշեց Դանիելյանը։