ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնաթողությունից հետո իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկով Քենիայի բնակիչներին կոչ է արել հանգիստ անցկացնել խորհրդարանական ընտրությունները , որոնք օգոստոսի 8-ին են ծրագրված, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Քենիայի առաջնորդներին կոչ եմ անում հրաժարվել բռնությունից ու լարվածություն բորբոքելուց, հարգել ժողովրդի կամքը, անվտանգության ուժերին կոչ անել գործել պրոֆեսիոնալ ու չեզոք, նաեւ աշխատել համատեղ՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Ես բոլոր քենիացիներին կոչ եմ անում ձգտել նրան, որ ընտրությունները լինեն խաղաղ, հաստատեն նոր սահմանադրության ու երկրի ապագայի հանդեպ վստահությունը։ Ընտրությունների շուրջ բոլոր վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահը հիշեցրել է 2007-ի «սարսափելի բռնության» մասին, երբ ընտրություններից հետո բախումների ընթացքում ավելի քան 1․1 հազար մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ Քենիան կարողացել է վերականգնվել այն ժամանակվա ճգնաժամից հետո։
ԱՄՆ նախկին նախագահի հայրը՝ Բարաք Հուսեյն Օբամա ավագը, ծնունդով Քենիայից է։ Օբամա կրտսերն առաջին անգամ այդ երկիր է այցելել 1987-ին։ Քենիայում առայսօր բնակվում են ԱՄՆ 44-րդ նախագահի ազգականները։




























