«Պատանի լրագրողների» դպրոցում 2016թ. հոկտեմբերի 19-ին 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 8-ին, ցուցմունք տվեց ամբաստանյալ Վահան Ղազարյանի ընկերներից ռեժիսոր Վահան Սեթոյանը։
«Երեկոյան 10-ին զանգեց, ասեց հարվածել եմ, կողքին արյուն եմ տեսել, գումարային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ եւ համար տվեց, ասաց զանգեմ տեսնեմ՝ ինչ վիճակում ա էդ տղան։ Էդ համարով ինձ հետ զանգեցին, ասացին՝ հասցեդ ասա, խոսենք, ասացի հասցես, ոստիկաննեը եկան ինձ բաժին տարան, ողջ գիշեր հարցաքննեցին, հետո ասացին, որ Վահանը հանձնվել է»,-ասաց վկան։
Դատարանը էական հակասություններ նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ եւ որոշում կայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։
«Երեկոյան Վահանը զանգեց ինձ, ասաց, որ նախկին աշխատակիցներից Արեգնազի աշխատավարձը ստանալու հետ կապված նրա նշանածն է աշխատասենյակ գնացել, վիճել են, ասաց, որ խփել է, բայց թե ինչով է խփել, չասաց, շատ անհանգիստ էր։ Վահանը Լեւոնի հեռախոսահամարը տվեց, խնդրեց, որ զանգեմ տեսնեմ՝ ինչ վիճակում է, մի տղամարդ վերցրեց, ասաց, որ Լեւոնը հիվանդանոցում է։ Քիչ անց զանգահարեց հետ, բացատրեցի իմ գտնվելու վայրը, ոտիկանները եկան եւ տարան ինձ»,-նախաքննական իր ցուցմունքում ասել էր նա։
Գործով մյուս վկայի բացակայության հիմքով դատական նիստը հետաձգվեց։
Ամբաստանյալ Վահան Ղազարյանը ընդմիջման ժամանակ պատասխանելով լարգրողի հարցին, նշեց, որ զղջում է կատարածի համար։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է:




























