Delivery Hero Group (Delivery Hero) ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առցանց պատվերների եւ առաքման ոլորտում համաշխարհային առաջատար եւ Menu Group (UK) Limited ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առաքման առցանց ծառայության առաջատարը Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում, այսօր հայտնեցին, որ Delivery Hero-ի վրացական մասնաճյուղը՝ Foodpanda Georgia LLC-ն, վաճառվել է Menu Group ընկերությանը, որը Վրաստանում հանդես է գալիս Menu.ge բրենդի ներքո:

Delivery Hero-ի գործադիր տնօրեն Նիկլաս Օստբերգը նշեց,- «Մեր թիմն ահռելի գործ է կատարել Վրաստանում, սակայն մեր ուշադրությունը կենտրոնացած է այն շուկաների վրա, որտեղ մենք դառնում ենք բացարձակ առաջատար եւ ամուր դիրքեր ենք գրավում շուկայում։ Որոշ երկրներ լքելու գործընթացը մեզ հնարավորություն է տալիս կենտրոնացնել մեր ջանքերը եւ ռեսուրսները խմբի մնացած մասնաճյուղերի վրա, որտեղ մենք շարունակում ենք ունենալ աճի մեծ հնարավորություններ»։

Menu Group-ի տնօրեն Վահան Քերոբյանը մեկնաբանեց,- «Ոլորտում ընկերությունների խոշորացման ալիքը շարունակվում է, ինչն ավելի արագ ճանապարհ է հասնելու արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալների՝ հատկապես համեմատաբար փոքր շուկաներում։ Շնորհակալ ենք մեր գործընկեր Foodpanda-ին Վրաստանում Menu Group-ի հետ համատեղ ռեստորանային ուտելիքի ցպահանջ շուկայի ձեւավորման համար։ Այս քայլից հետո մենք պատրաստվում ենք սեւեռել մեր ուշադրությունը երեք երկրներում սպասարկման որակի բարելավմանն ու առաքման արագությանը՝ ի շահ մեր սիրելի հաճախորդների»: