Ընդունված է կարծել, որ ԽՍՀՄ-ի տարիներին ամենատհաճ երեւույթներից էին երկարատեւ շինարարական աշխատանքները։ Խորհրդային միությունը վաղուց փլուզվել է, սակայն երկարատեւ շինարարական աշխատանքները մնում են հայ իրականության անքակտելի մասը։
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանն ամենաբարեկարգվածն ու կանաչապատվածը չէ։ Երկարատեւ շինարարական աշխատանքների հետեւանքներն այստեղ ավելի տհաճ են։
Վերին Շենգավիթի Երկրորդ փողոցի եւ հարակից նրբանցքների բնակիչները սեփական մաշկի վրա են զգում արդեն երկար ժամանակ շարունակվող նման աշխատանքների ամբողջ «հմայքը»։
Ընտրություններից առաջ վերանորոգված եւ կրկին ասֆալտապատված փողոցը ամռան սկզբում սկսեցին «փորել»։
Անշտապ աշխատանքը տեւեց մեկ շաբաթ։ Դատելով բանվորների գործողություններից եւ «Ջուր» մակագրությամբ հայտնված փոսերից՝ աշխատանքներն իրականացրել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Վերջապես, փորված փոսորակները ծածկվեցին։ Նման աշխատանքներից հետո փողոցը եւ նրբանցքները ստիպում են մտածել ռմբակոծության մասին։ Այդ ամենը պատած է փոշու ամպով, որը շնչում է շրջանի յուրաքանչյուր բնակիչ, նաեւ՝ փոքրիկ երեխաները։
Դրա հետ կապված՝ NEWS.am-ի թղթակիցը քաղաքապետարան դիմեց՝ պարզելու համար, թե ո՞վ է պատասխանատվություն կրում փողոցի ասֆալտային ծածկույթը վերանորոգելու հարցում։ Պարզվեց, որ փողոցը պետք է վերանորոգի աշխատանքներ իրականացրած ընկերությունը։ Այսինքն՝ աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու ժամանակ պայմանավորվել են, որ ընկերությունը ասֆալտային կամ այլ ծածկույթին պետք է ողջամիտ ժամկետներում նախնական (մինչեւ շինարարական աշխատանքները) տեսքը հաղորդի։ Արդյոք մեկ ամիսը կարելի՞ է ողջամիտ ժամկետ համարել։ Պատասխանը միանշանակ է։ Եթե ընկերությունը դա չի անում, կարող են պատժամիջոցներ սահմանել։ Բացի այդ՝ եթե նախնական տեսքին բերելուց հետո տվյալ ծածկույթն անորակ լինի, ընկերությանը կարող են պարտավորեցնել կրկնակի աշխատանքներ անցկացնել։
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների կարծիքը, ցավոք, չհաջողվեց պարզել։ Հնարավոր է, այդ երկարատեւ շինարարական աշխատանքները խելամիտ բացատրություն ունեն։ Ցանկանում ենք հուսալ, որ համապատասխան կառույցները կարձագանքեն եւ փողոցի բնակիչները վերջապես կկարողանան հանգիստ դուրս գալ տներից։




























