Թուրքական Atlas Global ավիաընկերության ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը պատմել է տպավորությունների մասին՝ վնասված օդանավով վայրէջք կատարելուց հետո, հաղորդում է RT-ն։ 

«Սկզբում ես գրեթե ոչինչ չէի զգում, մի փոք հետվայրէջքային հուզմունք կար։ Միջադեպն, իհարկե, տհաճ զգացողություններ էր առաջացնում, սակայն գերբնական ոչինչ չէի զգում։ Հետո շարունակեցի կատարել իմ աշխատանքը։ Ուղեւորներին իջեցնելուց հետո զննեցի ինքնաթիռը, օդանավի մատյանում գրեցի, թե ինքնաթիռի որ հատածներն են վնասվել եւ անձնակազմի հետ գնացինք անցնելու մյուս բոլոր ընթացակարգերը»,- ասել է Ակոպովը։

Նրա խոսքով՝ միջադեպից հետո ավելի ճանաչված է դարձել, սոցկայքերում սկսել են իրեն ուղղված երախտագիտության խոսքեր գրել։ Ակոպովը հավելեց, որ հին ընկերներ են գտնվել, որոնց մասին շուրջ 30 տարի է՝ ոչինչ չէր լսել։

Հուլիսի 27-ին թուրքական Atlas Global ավիաուղիների ինքնաթիռը Ստամբուլի Աթաթյուրքի օդանավակայանից Հյուսիսային Կիպրոս է մեկնել։ Մի քանի րոպես անց 4 հազար ֆուտ բարձրության վրա (շուրջ 1220 մետր) կարկուտը վնասել է Airbus A320 օդանավը, անձնակազմը Ստամբուլի օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։

Ակոպովն ինքնաթիռն իջեցրել է գրեթե կուրորեն, օդանավում գտնվող 127 ուղեւորից ոչ ոք չի տուժել։