Հայաստանում ամուսնալուծությունների զգալի մասը տեղի է ունենում ամուսինների միջեւ վեճերի պատճառով։ Այս մասին օգոստոսի 10–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Էլոնա Ավետյանը։

Հոգեբանը նշեց, որ շատ դեպքերում ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ամուսիններն ընդհանուր գաղափարներ եւ պատկերացումներ չեն ձեւավորում՝ իրենց համատեղ կյանքի ապագայի վերաբերյալ եւ արդունքում նրանց միջեւ հուզական կապն ընդհատվում է։

«Ընտանիք կազմելու համար ամենահարմար տարիքը եւ հոգեբանական, եւ ֆիզիոլոգիական տեսանկյունից 25 տարեկանն ու բարձրն է։ Այդ եզրակացությանն են հանգել մասնագետները՝ ուսումնասիրելով տղամարդկանց եւ կանան մի շարք հոգեբանական առանձնահատկություններ»,–նշեց Ավետյանը։ Փորձագետը նաեւ խոսել է սոցկայքերի զգալի դերի մասին՝ ամուսնալուծությունների թվի ավելացման հարցում։

Պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք ամուսնալուծությունները բացասական երեւույթ կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ անցյալ դարի կեսերին Արեւմտյան ու Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում ամուսնալուծության արգելքը հանգեցնում էր ամուսիններից մեկի սպանությանը, փորձագետն ասաց, որ երբեմն իսկապես ամուսնալուծությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ եւ քաղաքակիրթ տարբերակն է։ 

NEWS.am–ի թղթակցի հաջորդ հարցին այն մասին՝ արդյո՞ք ամուսինների միջեւ տարիքային տարբերությունը եւս ամուսնալուծությունների պատճառ չի դառնում՝ հաշվի առնելով ժամանակակից սերնդի եւ ավագ սերնդի միջեւ արժեհամակարգերի տարբերությունը, Էլոնա Ավետյանը պատասխանեց, որ տվյալ գործոնն իսկապես մեծ նշանակություն ունի։ Նրա կարծիքով՝ ամուսինների միջեւ տարիքային առավելագույն տարբերությունը չպետք է գերազանցի 6 տարին։