ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերի թվում կառավարությունը հավանություն է տվել 2006 թ. փետրվարի 2-ի թիվ 249-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Սույն իրավական ակտով սահմանվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարար ծառայողների, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների համազգեստի ձեւը:
Մասնավորապես՝ քաղպաշտպանության ստորաբաժանումների փրկարար ծառայողների անվտանգության, արդյունավետության եւ ժամանակակից դարձնելու, բնակչության պաշտպանության գործողությունների ժամանակ հնարավոր կորուստների առավել նվազեցման նպատակով առաջարկվել է.
- սահմանամերձ համայնքներում տեղակայված հենակետերում հերթապահություն, բնակչության պաշտպանություն, կարեւորագույն օբյեկտների պահպանություն, սակրավորային եւ պայթեցման աշխատանքներ իրականացնող քաղպաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի համար սահմանել ամենօրյա քողարկող համազգեստ, թիկնոց-անձրեւանոց, զրահաբաժկոն, ռազմական սաղավարտ եւ սակրավորի համազգեստ.
- փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվող անձնակազմի համար սահմանել նոր, հրակայուն համազգեստ.
- ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների համար սահմանել INSARAG-ի չափանիշներին համապատասխան համազգեստ:
Նշենք, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է դաշտային համազգեստի ձեւը, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների համար նախատեսված համազգեստը, ինչպես նաեւ որոշակի փոփոխություններով վերահաստատվել է փրկարար ծառայողների տոնական համազգեստը:
































