ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2017թ. փետրվարի 18-ին 2 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ բնակարան մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գողություն անելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել էր: 2017թ. մարտի 21-ին վերաքննիչ դատարանը բավարարել էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նույն օրը մեղադրյալներից մեկը դիմել էր փախուստի, եւ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

2017թ. հունիսի 8-ին հետախուզվողին հայտնաբերել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը եւ քննիչ Նարեկ Մկրտչյանը՝ Երեւան քաղաքի Արմենակյան փողոցում տեսնելով նրան,եւ անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին քննչական բաժին տեղափոխելու ուղղությամբ:

Բացի այդ, 2017թ օգոստոսի 4-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս.Սաֆարյանից դիմում է ստացվել առ այն, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը, ընտանեկան բռնության գործով նախաքննության ընթացքում դրսեւորելով պրոֆեսիոնալիզմ եւ ջանասիրություն, պարզել է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ պահպանելով քննության ողջամիտ ժամկետները եւ քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամանով՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը պարգեւատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով, իսկ քննիչ Նարեկ Մկրտչյանին  հայտարարվել է շնորհակալություն եւ խրախուսվել դրամական պարգեւով՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։