«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իսպանիային նոր հարձակումներով է սպառնում, փոխանցում է Pais-ը։

Պարբերականի տվյալներով՝ հինգշաբթի առավոտյան գրոհայինները սոցկայքերում իսպաներենով տեսագրություն են հրապարակել, որտեղ Իսպանիայի հասցեին սպառնալիքներ են հնչում։

Օգոստոսի 17-ի ցերեկը Բարսելոնի Ռամբլա փողոցում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն։ Ավելի ուշ նույն օրը նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Կամբրիլսում՝ Բարսելոնից 120 կմ հեռավորությամբ։ Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչությունների հետեւանքով 15 մարդ է զոհվել, 130-ը՝ տուժել։

Իրավապահների տվյալներով՝ ահաբեկչությունները կազմակերպած խմբավորումն ունեցել է 12 անդամ։ Նրանցից 4-ը կալանավորված են, հինգը Կամբրիլսում ահաբեկչությունից հետո ոչնչացվել են։ Եվս երկուսը, ներառյալ՝ ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ իմամ Աբդելբաքի էս-Սաթին, Ալկանարում տանը պայթյունի հետեւանքով զոհվել են։