Նախօրեին կեսգիշերին դանակահարված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Հակոբ Մկրտչյանի վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Գրոծն ուղարկվել է քննչական կոմիտե:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 24-ի կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։
Shamshyan,com-ի փոխանցմամբ, վերջինիս Մասիսի հիվանդանոց է տեղափոխել եղբայրը. պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ բժիշկները հեռացրել են նրա փայծաղը եւ վիրահատել են թոքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը եւ այդ ժամանակ դանակահարվել է։
Նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։ Մինչ այդ, այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ով սպանվել էր ՊՊԾ գունդը «Սասնա Ծռեր»-ի անդամների կողմից գրավելու ժամանակ:


























