Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռախմանովն օգոստոսի 27-ին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմանական կարեւորության մասին, որը հիմք է ծառայել հայ-ղազախական բամզադարյա կապերի զարգացման ժամանակակից փուլի համար:

Նախարար Նալբանդյանն արժեւորում է երկու երկրների միջեւ ձեւավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետեւողական զարգացմանը միտված գործող մեխանիզմները:

Ամփոփելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերն այսուհետ եւս կծառայեն երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ նպաստելով հայ-ղազախական միջպետական գործընկերության որակական նոր մակարդակի բարձրացմանը:

Ղազախստանի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարի ընթացքում երկու երկրներին հաջողվել է երկկողմ համագործակցության ամուր եւ ընդգրկուն համակարգ ստեղծել՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ իրավահավասար գործընկերության վրա:

Կայրատ Աբդռախմանովը հույս է հայտնում, որ երկու երկրները կշարունակեն սերտ համագործացությունը միջպետական հարաբերությունների բոլոր մակարդակներում, իսկ նախատեսված համատեղ միջոցառումնեը լրացուցիչ խթան կհանդիսանան ղազախա-հայկակական կապերի խորացման համար:

Եզրափակելով ուղերձը՝ Ղազախստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ ավանդապես բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների: