Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռն առաջին անգամ անցել է Ճապոնիայի օդային տարածքով եւ ընկել Խաղաղ օվկիանոսի ջրային տարածք։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ արձակումն իրականացել է օգոստոսի 29-ին, տեղի ժամանակով՝ շուրջ ժամը 5։00-ին, ԿԺԴՀ-ի արեւմտյան ափից։ Ըստ ճապոնացի մասնագետների՝ հրթիռն անցել է գրեթե 2700 կմ եւ ընկել Էրիմո հրվանդանից 1180 կմ հեռավորությամբ։
Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն ասել է, որ ճապոնական կողմը Պեկինի դիվանագիտական ալիքների միջոցով Փհենյանին վճռական բողոք է հայտնել։ Նրա խոսքով՝ Տոկիոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես կգա։
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ընդգծել է, ո Փհենյանի գործողությունները ճապոնական պետության անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում։ Սուգան նշել է, որ Տոկիոն սերտորեն կհամագործակցի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետ՝ Հյուսիսի նկատմամբ պատասխան գործողություններ մշակելու շուրջ։




























