Նախիջեւանում հայտնի է դարձել ընթերցանության համար պարտադիր գրքերի ցանկը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասըֆ Թալիբովը, հաղորդում է ԱՊԱ-ն։

Կարգադրության համաձայն՝ հաստատվել է այն գրքերի ցանկը, որոնք ծառայում են «հայրենասիրության, ազգային միասնականության եւ երիտասարդ սերնդի շրջանում աշխարհայացքի ձեւավորմանը»։ Դրան համապատասխան՝ ուսումնական հաստատությունների գրադարաններում եւ մշակութային հաստատություններում հատուկ գրքային անկյուններ պետք է ստեղծվեն։

Ցանկը 30 գիրք է ներառում։ Ներառված են ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի նամակը՝ ուղղված իր որդու ուսուցչին, Թեոդոր Դրայզեր՝ «Հանճարը», Ջեք Լոնդոն՝ «Կյանք եւ սեր», Էռնեստ Հեմինգուեյ՝ «Ծերունին ու ծովը», Նիկոլո Մաքիավելի՝ «Տիրակալը», Գի դը Մոպասան՝ «Թմբլիկը», Անտուան դե Սենտ Էքզյուպերի՝ «Փոքրիկ իշխանը», Մորիս Մետելինք՝ «Մեղուների կյանքն» ու «Կապույտ թռչունը» եւ այլն։