Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:
Իր ֆեյսբուքյան էջում Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի, պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրել է, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, եւ նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանն առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել են վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։ Մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել եւ զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության դեպքի օրվա տեսագրությունները։ Արդյունքում՝ պարզվել է տուժողի եւ քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաեւ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի եւ Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) եւ պարտվել։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Հ.Սիրադարյանին եւ Ա.Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասով եւ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։


























