2017 թվականի սկզբին Հայաստանում աճել է Սեւ ծովով լաստանավային արտաքին բեռնաշրջանառությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Վրացական Փոթիի եւ ռուսական Կովկաս նավահանգստի միջեւ լաստանավը փոխադրում է կատարել ամբողջ 2016 թվականին:
Բեռնատար 327 շարժակազմերը 2017 թվականի 6 ամիսներին արդեն 342 են դարձել:
2016 թվականին լաստանավը ամսական մեկ անգամից մի փոքր քիչ է երթեւեկել (տարվա ընթացքում՝ 10 ուղերթ), իսկ 2017 թվականին անցել է ամսական 3 անգամ չվացուցակին:
Նշենք, որ երկաթուղով հիմնականում փոխադրվում են մեծաչափ բեռներ՝ հացահատիկ, ցեմենտ, նավթամթերքներ, շինանյութ, հանքաքար: Պատրաստի սննդամթերքը եւ ոչ պարենային արտադրանքը հիմնականում ավտոտրանսպորտով են փոխադրում:
Ժամանակի առումով լաստանավը ավտոտրանսպորտին զիջում է. Երեւանից Մոսկվա երկաթուղով (երկաթուղի-լաստանավ-երկաթուղի) բեռը տեղ է հասնում 12 օրում (ավտոտրանսպորտով՝ 2-3 օրում): Սակայն լաստանավը կախված չէ վրաց-ռուսական սահմանին Վերին Լարս սահմանապահ անցակետի եղանակային պայմաններից, որը ձմռանը հաճախ ձնով փակվում է:
Ըստ գնի՝ բեռի մեկ տոննայի հաշվարկով երկաթուղալաստանավային երթուղու սակագները ավտոտրանսպորտի գներին համադրելի են, նշեց Վալկոն:
«Հարավկովկասյան երկաթուղին» («Ռուսական երկաթուղային ուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) 2008 թվականից Հայաստանի երկաթուղային ուղիների կոնցեսիոն կառավարիչն է:
2017 թվականի հունվար-հուլիսին երկաթուղով արտահանումը, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 16,8 տոկոսով, ներմուծումը՝ 15,3 տոկոսով, տեղական բեռնափոխադրումները՝ 9,1 տոկոսով: Տեղափոխվել է մոտ 190 հազար ուղեւոր, այդ թվում՝ միջազգային երթուղիներում աճը կազմել է 22,2 տոկոս:




























