Արկտիկան կարելի է յուրացնել միայն բաց, իրավահավասար ու այդ հարցի լուծմանը արդյունավետ մոտեցման պարագայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բաց, իրավահավասար մոտեցումն անհրաժեշտ է՝ Արկտիկան տնտեսապես արդյունավետորեն յուրացնելու, միջազգային, տնտեսական, հանրային երկխոսության ամրապնդման համար՝ ուղղված տարածաշրջանի արդիական հարցերի լուծմանը»,- ասել է Պուտինը՝ Արկտիկական խորհրդի անդամ պետությունների VII միջազգային հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

 Նախագահի ուղերձն ընթերցել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, որն այդ հանդիպմանը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։

Պուտինը խորհրդանշական է անվանել փաստը, որ հանդիպումն անցկացվում է Սաբետա գյուղում, որտեղ ավարտվում է «Յամալ» էներգետիկ նախագիծը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում իր հյուսիսային տարածքների համալիր զարգացմանը, այնտեղ լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման երկարաժամկետ ռազմավարություն իրականացնում, սոցիալ-տնտեսական աճի եւ արդյունաբերության զարգացման համար նոր պայմաններ ստեղծում։