ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է հրապարակել փաստաթղթերը, որոնք վերաբերում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության հետ կապված սկանդալի ՀԴԲ քննությանը: ՀԴԲ-ն իր որոշումը պատճառաբանել է այս գործի նկատմամբ ամերիկյան հանրության հետաքրքրության բացակայությամբ, հայտնում է Fox News-ը:
Հեռուստաալիքը վկայակոչում է նյույորքյան փաստաբան Տայու Քլեւենջերին ուղարկած բյուրոյի պատասխանը, որը 2016 թվականի մարտին խնդրել էր հրապարակայնացնել մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ իրավաբանին հետաքրքրում էր Կոնգրեսի անդամների հետ ՀԴԲ-ի նամակագրությունը՝ կապված «փոստային սկանդալի» հետ:
Պատասխանը միայն այս շաբաթ է ստացվել: ՀԴԲ-ն եզրակացրել է, որ Քլեւենջերը «չի կարողացել բավարար համոզչությամբ ցուցադրել այս հարցում իր անկողմնակալ հետաքրքրվածությունը», նշված է փաստաբանին հղած պատասխանում:
2015 թվականին սկանդալ բռնկվեց այն պատճառով, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնը անձնական փոստն օգտագործել է ծառայողական նպատակներով: Ավելի ուշ նա արտաքին քաղաքականության գերատեսչությանն է փոխանցել իր ամբողջ աշխատանքային նամակագրությունը (55 հազար նամակ), իսկ անձնականը (ավելի քան 30 հազար նամակ) ջնջել է, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվել:




























