Ապրիլյան իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդրում Հայաստանի դիրքորոշումը միանշանակ փոխվել ու կոշտացել է։ Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իշխող ՀՀԿ-ից Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա համոզմամբ՝ դա ավելի վաղ՝ Կազանի հանդիպումից հետո պետք է տեղի ունենար։ «Մեր իշխանությունը հույս ուներ, որ Ադրբեջանը, վերջապես, կառուցողական դաշտ կվերադառնա։ Դա, ինչպես արդեն տեսանք, տեղի չունեցավ»,- նշեց Շիրակ Թորոսյանը։ Պատգամավորի խոսքով՝ ներկայում արցախյան հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում, այլ բանակցում են բանակցությունները վերսկսելու շուրջ։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունների մասին՝ նա նկատեց, որ դիվանագետի հայտարարություններում ոչ մի նոր բան չկար։ «Հոգլանդն ասաց այն, ինչ եղել է բանակցությունների սեղանին։ Հոգլանդի հայտարարություններում արտասովոր ոչինչ չկա։ Կողմերը պետք է ընդունեն երեք հիմնարար սկզբունքները՝ չկիրառել ուժ եւ ուժի սպառնալիք, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Այստեղ միակ խոչընդոտն Ադրբեջանն է, որը խախտելով բոլոր նորմերը, անցյալ տարվա ապրիլին պատերազմ սկսեց»,- ընդգծեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (ԱՄՆ) Ռիչարդ Հոգլանդը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի մասին։ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Հոգլանդը հայտարարել է, որ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դժվարություններով լի պատմությունը, կողմերը պետք է որոշեն դրա վերջնական կարգավիճակը փոխհամաձայնության միջոցով։