ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած ուղերձում ասված է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին եւ այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարեւոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը:

Այս օրվա գլխավոր հերոսներն են նաեւ ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման եւ դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսեւորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:

Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ:

Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն:

Ուզում եմ նաեւ, որ վստահ լինեք, որ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված եւ գնահատված պետության կողմից՝ գիտակցելով, որ ինչ էլ անենք, պարտք ենք ունենալու ձեր հանդեպ: Մի՛շտ»: