Սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցը կրում է 1992 թվականին գյուղի պաշտպանության ժամանակ զոհված Գագիկ Վարդանյանի անունը։

Մուտքի դռան առջեւ ցուցատախտակ կա, որտեղ Մեծ հայրենական պատերազմի եւ արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների անուններն են։

Դպրոցը մեծ չէ՝ ինչպես շենքով, այնպես էլ աշակերտների թվով։ Առաջին դասարան է գնացել երեք փոքրիկ՝ երկու աղջիկ եւ մեկ տղա։

Չնայած դպրոց կա, գյուղում կրթօջախի համար շենք չի կառուցվել։ Գործող շինությունն անցյալում վարչական նպատակների համար է ծառայել, ապա ռազմական օբյեկտ է եղել, իսկ բարերարների օժանդակությամբ վերանորոգումից հետո դարձել է դպրոց։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վլադիմիր Բաբինյանն ասաց, որ դպրոցի շենք կառուցելու հարցը գյուղի զարգացման հնգամյա ծրագրում է ներառված։ «Այժմ մեծ հույսեր ունենք, որ դպրոցը կկառուցվի»,- նշեց տնօրենը։ 

Սրահը, որտեղ անցկացվում է տնօրենի հետ զրույցը, ակնհայտորեն վկայում է խնդրի լուծման անհրաժեշտության մասին. պատերի ու առաստաղի ճեղքերից կարելի է տեսնել երկինքը։ Չնայած դրան՝ երեխաներն ուրախ ու գոհ տեսք ունեն։ «Առաջին հերթին դա ճիշտ սերմանված արժեհամակարգի եւ հայրենասիրական ոգու հետեւանք է։ Որքան էլ կրակեն, երեխաները վախի նշաններ չեն ցուցաբերում»,- արձանագրեց տնօրենը։ Կիրանց գյուղն այն քչերից է, որտեղ բնակչության արտագաղթ չկա։

Վլադիմիր Բաբինյանը Կիրանց գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է 1995 թվականից։ Կենսաբանություն է դասավանդում։ Տնօրենի կինը եւս մանկավարժ է։ «Նրա աշխատանքային փորձն ավելի մեծ է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Եվս մեկ ցավոտ հարց. շենքը, որտեղ գործում է դպրոցը, փաստաթղթեր չունի։ Արդյունքում այն չի կարող օգտվել իրականացվող ծրագրերից եւ նույնիսկ լիցենզիա ստանալ։ Նույն պատճառով դպրոցին կից չկարողացան նախապատրաստական բաժին բացել, բարեկարգել ճաշարանը։

Մարզասրահի, լաբորատորիաների խնդիրներ կան։ Սակայն մասնագետների եւ աշակերտների հետ կապված խնդիրներ չկան։ «Մեր կողմից մենք ամեն ինչ անում ենք՝ մասնագետների արտահոսք թույլ չտալու համար, եւ պետք է ասել, որ մարդիկ հաճույքով են գալիս ու աշխատում»,- նշեց Վլադիմիր Բաբինյանը՝ պատուհանից ցույց տալով բնապատկերը. «Փոքրիկ Շվեյցարիա»։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի