Հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը՝ որպես արժանի գնահատականը 11 000 հադրութցիների: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին նախագահի նստավայրում արժանացել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի:
«Արցախի հերոս» կոչմանը՝ բարձրագույն պետական պարգեւին արժանանալը, մեծ ուրախություն ու հպարտություն է: Ես իմ բոլոր ձեռքբերումների համար առաջին հերթին երախտապարտ եմ իմ ծնողներին: Իմ կրծքին հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը՝ որպես արժանի գնահատականը 11 000 հադրութցիների, համարելով, որ այն պետական երախտիքն է 306 նահատակ հերոսներին, որոնք վայրկյան անգամ չերկմտեցին իրենց կյանքը այսօրվա Արցախին եւ վաղվա միացյալ պետականությանը նվիրելու համար:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ պարոն նախագահ, իմ մարտական եւ կուսակցական ընկերներին, անկախության 26 տարիներին պետականաշինության գործին նվիրված իմ ղեկավարներին եւ գործընկերներին, ովքեր ինձ հնարավորություն են ընձեռել ծառայելու Արցախին եւ Հայաստանին», - Facebook-ի իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը։




























