Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում ամենագեղեցիկն ու բարեկարգն առաջին դասարանցիների դասասենյակներն են միայն: Երբ ավելի ուշադիր ես նայում, հասկանում ես, որ սենյակներն այդպիսի տպավորություն են թողնում միայն փուչիկների «շնորհիվ». հին պատուհաններ, չվերանորոգված սենյակներ, կիսակոտրված սեղաններ ու աթոռներ: Այդպես է նաեւ դասասենյակներում:



Դպրոցը սեպտեմբերի 1-ին կրկին երեխաներին դիմավորում է շենքային վատ պայմաններում: Այս տարի 80 երեխա է առաջին դասարան հաճախում, դպրոցն ընդհանուր առմամբ ունի 595 աշակերտ: 1970-ական թվականներին կառուցված այս շինությունը հիմնովին նորոգելու կարիք ունի: Անհրաժեշտ է նախ եւ առաջ ամբողջությամբ փոխել շենքի տանիքը: Անցած տարի դպրոցն իր միջոցներով կարողացել է մասնաշենքերից մեկի տանիքը փոխել, սակայն սա շատ քիչ է: Վերանորոգել է պետք նաեւ անմխիթար վիճակում գտնվող միջանցքները, որոնց նույնիսկ չի գեղեցկացնում պատուհանագոգերին դրված ծաղիկները: Առաստաղի հսկայական ճաքը նույնպես վերացնել է պետք: Հիմնական ջեռուցում չունեցող դպրոցում նաեւ նոր պատուհաններ եւ դռներ են հարկավոր:



«Սալյարկա ենք վառում, տաքացնում ենք մի կերպ: Խնդիրն այն է, որ միայն դասասենյակներն ենք տաքացնում, միջանցքները չենք կարողանում: Դասերը չենք հետաձգում, գոնե դասասենյակները կարողանում ենք տաքացնել»,- NEWS.am-ի թղթակցի հետ շրջելով դպրոցում՝ ասում է տնօրեն Արմեն Պետրոսյանը:


Թիվ 3 հիմնական դպրոցում բարեկարգված են միայն սանհանգույցները, մի քանի դասասենյակ եւ տնօրենի աշխատասենյակը: Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ այժմ նախագիծ են մշակում դպրոցի ճաշարանը, ուսուցչանոցը եւ մեկ մասնաշենքի տանիք վերանորոգելու համար: Թե երբ այն կիրագործվի, տնօրենը ժամկետներ չի նշում, սակայն հույս ունի, որ առաջիկայում ամբողջ դպրոցը հիմնանորոգված կտեսնի: Շուրջ 600 վարդենիսցի երեխա այս տարի նույնպես դպրոց կգա՝ հույսով, որ մի օր կսովորի գոնե տաք ու հարմարավետ դպրոցում:
































