Մի օր գալու է, որ մենք արդեն խոսենք միայն կրթության որակի, ոչ թե դպրոցների պայմանների մասին. սա մեզ համար նպատակ է, որին հասնելու ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել, բայց դրանով պետք է չբավարարվենք. «Դեռ շատ անելիք ունենք, այնպես չէ, որ մեր դպրոցները լավ վիճակում են գտնվում, պայմաններն այն չեն, ինչը մենք ուզում ենք: Մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր աշակերտները  նորմալ պայմաններում սովորեն, իսկ մանկավարժական կոլեկտիվները իրենց առաքելությունը կատարեն»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին, Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ Երեւանում երեք դպրոց է միավորվել. «Այդ դպրոցներն այն տարածքներում են, որտեղ բնակչությունը հնարավորություն ունի երեխաներին հարակից դպրոցներ ուղարկել: Այդ դպրոցներում հիմնականում հաճախում էին 30-40 աշակերտ: Եթե դպրոցում մանկավարժական կազմը 25 էր, իսկ աշակերտների թիվը եւս 25 էր, մենք պետք է դա վերանայենք ու հասկանանք, քանի որ հարակից տարածքներում ունենք դպրոցներ, պետք է միավորենք, որ կարողանանք որակով, նորմալ կրթություն ապահովել: Այնպես պետք է անենք, որ ոչ մի ուսուցիչ դուրս չմնա, մեր նպատակն է՝ ոչ թե ֆինանսական տնտեսումներ կատարել, այլ կրթության որակի բարձրացման հարցը լուծել»:

Տարոն Մարգարյանը հորդորեց այն բոլոր շրջանավարտներին, որոնք որոնք իրենց կյանքի բերումով, թե բիզնեսում, թե կյանքում հաջողությունների են հասել, այսօր կանգնեն իրենց դպրոցի կողքին, սակայն հավելեց, որ քաղաքապետարանը եւս հնարավորինս փորձում է աջակցել դպրոցների վերանորոգմանը: