ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց քրեական գործի անջատված մասով մեղադրյալ Կարեն Խաչատրյանը: Նա հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, բայց համաձայնեց պատասխանել միայն հարցերին: Նա նշեց, որ ամբաստանյալներից Ապարի` Էդվարդ Ներսիսյանի մարտական ընկերն է եւ Նորք-Մարաշում գտնվող վարձակալած տուն է գնացել նրա հետ:
«Ես շաքարով հիվանդ եմ, այդ օրը դեղս չարաշահել էի, հաց էր պետք ուտել, բայց գումար չկար մոտս: Զանգահարեցի Ներսիսյան Ապարին, ասաց` Ազատության հրապարակում է: Գնացի, ասացի, որ վատ եմ զգում, մոտդ գումար ունե ՞ս, գրպանից երկու հարյուր դրամ հանեց, ասացի, լավ քեզ թող մնա: Էդվարդը նշեց, որ զոհված ազատամարտիկի երեխաները` որպես ազատամարտիկի, իրեն հաց ուտելու են հրավիրել, ինձ էլ հրավիրեց գնացինք: Մեքենայով Նորքի տուն ենք բարձրացրել, ոչ մեկի չէի ճանաչում այնտեղ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է այդ տանը, նրա խոսքով, Արթուր Վարդանյանն իրենից հետաքրքրվել է, թե նա որտեղ է կռվել, որից հետո էլ պատմել է Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Կարեն Խաչատրյանի խոսքով տեղեկություններ չունի զինված խմբի, հանցավոր համագործակցության եւ Հայաստանում հեղափոխություն նախապատրաստելու մասին: «Բանտախցում եմ տեղեկացել այդ մասին, տղերքը խցում խնդում էին իմ վրա, թե ինչ մասնակից ես, որ այդ մասին հեռուստացույցով ես տեղեկանում»:
Այնուահետեւ հարցաքննվեց անջատված մասով մեղադրյալ, ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ինքը եւս Ապարի ընկերն է, ոչ մի կապ չունի զինված խմբի հետ. «Հազար տարվա ընկերս է, ինքն ինձնից պահելու բան չունի: Եթե երկուսով հանցավոր խմբի մեջ լինեինք` կարայի՞նք չիմանայինք: Հարգելիս, ասում եմ քննիչին, իբր պետք է խոցեինք ինքնաթիռը, ինչո՞վ պետք է խոցեինք, ասում է` նռնականետից, ասում եմ, բայց գործով Մուխայով պետք է խփեինք, ասում եմ սիրելիս, դա միայն 250 մետր է խփում, ո՞նց պետք է խփեինք»:
Նրա խոսքով, գործով անցնում է 33 մարդ եւ ըստ գործի զինված խումբը թիրախավորել է 4 կետ, բայց այդքան զենք չի եղել. նշանակում է, որ զինված խմբի մի մասն անզեն էր գնալու հարձակման. «Կա՞ էսօր տենց լավ տղա, որ 8 հոգի մտնի նախագահական ու միայն 4-ը զինված լինի: Հլը նայեք էստեղ նստածներն հաստատ Ռեմբոյին նման չեն»:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Աղասի Մարտիրոսյանը նշեց, որ դրանք գրել է սպառնալիքների ազդեցության տակ. «Կարամ կոնկրետ ասեմ էլ, թե ով է սպառնացել, ԱԱԾ փոխտնօրեն…անունը չեմ հիշում: Ասաց` կամ գրում ես, կամ էլ չես գրում գնա…. ու հայհոյանք»:
Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքը: Դատարանն այն բավարարեց:
Ըստ ցուցմունքի, Աղասի Մարտիրոսյանը նշել է, որ Արթուր Վարդանյանը հայտնել է, որ պատրաստվում է հեղաշրջում կատարել:
«Ինձ ասել էին, որ Արթուրն ինքնավստահ եւ ամբիցիոզ երիտասարդ է, ես չէի ցանկանում, որ իմ ընկերները ներքաշվեն չմտածված քայլերի մեջ: Ապարին ասացի, որ ցանկանում եմ տեսնել նրան, խոսել հետը: Գնացինք Նորք-Մարաշի վարձակալած տուն, Արթուրն այդ ժամանակ հայտարարեց, որ հեղաշրջումը հնարավոր է կատարել միայն ուժային եղանակով: Ասացի՝ եթե ուզեմ մասնակցել, ինչ է ինձ հարկավոր, Արթուրն ասաց` ժամանակը կգա, կիմանաս: Այնուհետեւ իմ մասնակցությամբ զրույց է եղել միայն քաղաքականության հետ կապված: Հաջորդ օրը զանգել եմ Ապարին եւ ասել, որ զգույշ լինի, նրա հետ կապ չունենա: Ապարն ասաց, որ դա այդպես չէ, դրանից հետո հեռուստացույցով տեսա, որ հանցավոր խումբ է վնասազերծվել, զանգեցի Ապարին եւ չկարողացա կապվել հետը»:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



























