ԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը: Նա հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմումք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:
«Երկուս ու կես տարի ճանչում եմ Արթուր Վարդանյանին, նրան անձամբ եմ նամակ ուղարկել Ֆեյսբուքով: Հայրիկիս գրած գիրքը վաճառելու համար նրան նաեւ իմ հեռախոսահամարն եմ տվել: Մի քանի օրից նա ինձ զանգել է, հանդիպել ենք, գիրքը գնել է: Նա պատմել է Քեսաբն ազատագրելու մասին, ես էլ վստահել եմ նրան: Նրա համար Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին միավորող դրոշ եմ սարքել: Այնուհետեւ այն կնիքի է վերածվել իր կազմակերպության համար: Իմ ծննդյան օրն Արթուրը անակնկալ խնջույք է կազմակերպել Նորքի տանը, որին նաեւ այլ մարդիկ են մասնակցել»-,ասել է նա:
Սրբուհի Այվազյանը նշել է, որ համակրել է Արթուր Վարդանյանին եւ այդ մասին նրան տեղյակ է պահել. «Հետաքրքիր զրուցակից էր ֆեյսբուքով, նրանից հետաքրքրվել եմ` արդյոք ամուսնացած է, տվել է խուսափոխական պատասխան եւ ես մտածեցի, որ ամուսնացած չէ, համացանցով ես նրան խոտովանել էի իմ համակրանքի մասին, նա ինձ խնդրեց, որ չկապվեմ նրա հետ»,-ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ Արթուր Վարդանյանն իրենից ուզել է հայ օլիգարխների, նրանց ունեցվածքի մասին տեղեկություններ, «Նաեւ Վրաստանում նրա համար նկարել եմ Բաքու -Վրաստան երկաթգիծը»:
Նա նաեւ նշել է, որ գնացել են Արթուր Վարդանյանի հոր` Սպիտակում գտնվող տուն, որտեղ իրենց հետ եղածները զենք են բերել եւ նկարվել դեմքերը փակ` դրոշի դիմաց:
Սրբուհի Այվազյանը նշել է, որ տեղյակ չէ զինված հանցախմբի, Նորք-Մարաշի տանը պահվող զենք-զինամթերքի եւ նախապատրաստվող հեղաշրջման մասին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:



























