Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող՝ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի կալանավորման ժամկետը երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից։
Մարինե Պապյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ այս գործով կա 14 մեղադրյալ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Երկուսն հետախուզում են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


























