ԲՐԻԿՍ երկրները հանդես են գալիս կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության ամրապնդման, նաեւ ակտիվների վերադարձման եւ կոռուպցիոներներին որոնելու օգտին, նշված է միավորման երկրների առաջնորդների Սյամենի հռչակագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Լիովին գիտակցելով կայուն զարգացման վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը՝ մենք աջակցում ենք ԲՐԻԿՍ-ի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման ջանքերին: Մենք կրկին հաստատում ենք երկխոսությունն ու փորձի փոխանակումն ակտիվացնելու մեր պարտավորությունը եւ աջակցում ենք ԲՐԻԿՍ երկրներում կոռուպցիային հակազդելու նյութերի ժողովածուն կազմելուն»,- նշված է փաստաթղթում:

Միավորման առաջնորդները խոստովանել են, «որ կոռուպցիոն եկամուտների ապօրինի հոսքը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը ու խափանում է ֆինանսական կայունությունը: Մենք աջակցում ենք ակտիվների վերադարձման ոլորտում համագործակցության զարգացմանը»: «Մենք հանդես ենք գալիս կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ ԲՐԻԿՍ երկրների Կոռուպցիայի դեմ պայքարի ճյուղային աշխատանքային խմբի շրջանակում, ինչպես նաեւ ակտիվների վերադարձման եւ կոռուպցիոն հանցագործությունների համար հետախուզվող անձանց որոնման հարցերում»,- նշված է հռչակագրում:

«Մենք ընդունում ենք, որ կոռուպցիան, այդ թվում՝ ապօրինի դրամաֆինանսական հոսքերը, նաեւ հանցավոր ճանապարհով ստացված հարստությունը գլոբալ մարտահրավեր են, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության աճի եւ կայուն զարգացման վրա: Մենք կհամակարգենք այս ուղղությամբ մեր մոտեցումները եւ կխրախուսենք ՄԱԿ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի եւ միջազգային իրավական այլ համապատասխան փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կանխման գլոբալ խիստ պարտավորությունը»,- հռչակագրում ընդգծել են ԲՐԻԿՍ առաջնորդները: