ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները հանդես են գալիս էներգետիկ անվտանգության օգտին եւ բոլոր երկրներին կոչ են անում կատարել Կլիմայի փարիզյան համաձայնագիրը, նշված է ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, որն ընթանում է Չինաստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդգծելով տնտեսության զարգացման համար էներգետիկայի ռազմավարական նշանակությունը՝ մենք մտադիր ենք ԲՐԻԿՍ-ի շրջանակում ամրապնդել էներգետիկ համագործակցությունը: Մենք ընդունում ենք, որ կայուն զարգացումը, էներգետիկային հասանելությունը եւ էներգետիկ անվտանգությունը ընդհանուր բարգավաճման եւ մեր մոլորակի ապագայի առանցքային գործոններն են: Մենք ընդունում ենք, որ մաքուր էներգետիկան եւ էներգիայի վերականգնվող աղբյուրները պետք է բոլորին հասանելի լինեն»,- նշված է փաստաթղթում:

Դրանից բացի, կողմերը պայմանավորվել են նպաստել էներգետիկ հումքի բաց, ճկուն եւ թափանցիկ շուկաների եւ էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաեւ միասին հանածո վառելիքի օգտագործման եւ գազի, միջուկային ու հդրոէներգիայի ավելի լայն օգտագործման առավել արդյունավետ մեթոդներն առաջ մղելուն:

Սյամենի գագաթնաժողովի մասնակիցները նաեւ պայպամանավորվել են շարունակել նպաստել «կանաչ» զարգացմանը եւ կայուն զարգացման ու աղքատության ոչնչացման ենթատեքստում ցածրածխածնային տնտեսությանը անցնելուն, ԲՐԻԿՍ-ի շրջանակում ամրապնդել համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում եւ ընդլայնել «կանաչ» ֆինանսավորումը: