Ֆրանսիայի իշխանությունները կաջակցեն Հայաստան վերադարձված ապօրինի միգրանտներին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում ասել է Միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Նա ներկայացրել է ապօրինի միգրանտների ռեադմիսիայի մասին հայ–ֆրանսիական համաձայնությունը։ Նմանատիպ համաձայնություններ Հայաստանը պատրաստում եւ ստորագրում է ԵՄ երկրների հետ՝ որպես 2013–ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի դրույթներ։ Համաձայնագրով նախատեսվում է գտնել ապօրինի միգրանտներին, ձերբակալության վայրերում նրանց հետ բանակցություններ վարել եւ վերադարձնել Հայաստան։
Հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե Հայաստանը ոչ մի կերպ չօգնի նրանց, որոնց հետ են վերադարձնում, նրանք կամ անօթեւան կդառնան կամ հանցագործ։ «Ավելին, նրանք կփորձեն բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով վերադառնալ երկիր, որտեղից նրանց վտարել են»,– հավելեց նա։
Սակայն Եգանյանը, դրան ի պատասխան, հայտարարեց, որ այս դժվարություններից հնարավոր կլինի խուսափել ֆրանսիական կողմի առատաձեռնության շնորհիվ։ «Հակառակ դեպքում առաջ է գալիս ընտրության հարց, թե ում օգնել՝ ապօրինի միգրանտի՞ն, թե՞ առանց դեղի եւ ուտելիքի թոշակառուին։ Բայց խնդիրը լուծված է, եւ Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է աջակցել միգրանտներին վերաինտեգրման հարցում հենց Ձեր նշած նկատառումներից ելնելով»,– նշեց Գագիկ Եգանյանը։




























