Մոսկվան չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագիրը կոպտորեն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, խափանում է չտարածման ռեժիմը, Հյուսիսարեւելյան Ասիայում անվտանգության սպառնալիք է ստեղծում:
ՌԴ նախագահը հավելել է, որ հատկապես այս պատճառով է Մոսկվան աջակցել ՄԱԿ ԱԽ նախագահի օգոստոսի 29-ի հայտարարությունը, որով վճռականորեն դատապարտվում են բալիստիկ հրթիռների վերջին արձակումները: Եվ ԱԽ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում նույնպես վճռականորեն քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային պայթուցիկ սարքի փորձակման իրականացումը, հիշեցրել է նա:
Պուտինը նշել է, թե չի կարելի զգացմունքներին տրվել եւ Հյուսիսային Կորեային անկյուն քշել: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի խնդիրն անհնար է միայն պատժամիջոցներով լուծել, անհրաժեշտ է սառնասրտություն դրսեւորել եւ խուսափել այնպիսի քայլերից, որոնք լարվածության թեժացում կառաջացնեն: «Մեր կոնկրետ պատկերացումները ներկայացված են ռուս-չինական «ճանապարհային քարտեզում»: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ուշադիր ծանոթանալ այս նախաձեռնությանը, որը, մեր կարծիքով, լարվածության թուլացման եւ փուլային կարգավորման իրական ուղի է առաջարկում»,- նշել է Պուտինը:



























