ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նոր քննության ուղարկելուց հետո՝ Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննության շրջանակում 2017 թ. սեպտեմբերի 5-ին հերթական դատական նիստն էր նշանակված:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի եւ Կազմակերպության Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2017 թ. սեպտեմբերի 5-ին կայացած նիստին գործով նոր մեղադրող ներգրավվեց. մեղադրանքի պաշտպանությունը հանձնարարվել է նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ․ Աղաջանյանին:
Զ․ Այվազյանի պաշտպան Ե․ Սարգսյանը պնդեց իր կարծիքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հակասահմանադրականության եւ դատաքննության ձեւական բնույթ կրելու մասին եւ այս դատական նիստին դատավորին ինքնաբացարկ հայտնեց:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը մերժել էր ՀՀ Սահամանադրական դատարան դիմելու՝ Ե․ Սարգսյանի միջնորդությունը:


























