Հաճախ կարելի է լսել այն տեսակետը, որ բոլոր գերմանացիները, ինչպես եւ մյուս եվրոպացիները, իրենց ծնողներին ծերանոց են ուղարկում։ Իրականում դա այդպես չէ։

Կան դեպքեր, երբ մարդիկ նախընտրում են իրենց ծնողներին տանը պահել, չնայած դա բավականին թանկ է (դեղորայքի ու բուժման ծախսերը, երբեմն էլ՝ խնամողի վարձատրությունը եւ այլն)  Դա «սերունդների համերաշխության» յուրատեսակ սկզբունք է, մեծանալով՝ զավակները հոգ են տանում իրենց ծնողների մաիսն, իսկ նրանց զավակներն էլ իրենց հերթին են շարունակում այդ ընտանեկան ավանդույթը։

Բայց հաճախ ծնողները, հասնելով պատկառելի տարիքի, իրենք են նախընտրում ապրել ծերանոցներում (գերմաներեն Alterheim, alt – ծեր ու heim – տուն, ապսատան բառերից)։ Դրդապատճառները տարբեր են՝ չեն ուզում բեռ դառնալ իրենց երեխաների համար, այդ տներում  հասակակիցների հետ շփվելու հնարավորություն կա։ Առհասարակ Գերմանիայում, ինչպես եւ եվրոպական բազմաթիվ երկրներում, ծերանոցներում ծնողներին պահելը բնական երեւույթ է համարվում։

Ծանր հիվանդ մարդկանց խնամքի համար, ում դժվար է պահել տան պայմաններում, նախատեսված են այլ տներ (Pflegeheim, որտեղ pflege բառը նշանակում է խնամք, հոգատարություն)։ Ծառայությունների արժեքը երկու տեսակի տներում էլ բավականին բարձր է։ Սակայն այն մարդկանց համար, ում կենսաթոշակի չափը ( կամ էլ խնամքի նպաստը եւ հաշմանդամության վճարը) չեն բավականացնում այդ նպատակների համար, պետությունը վճարում է տարբերությունը։

Խնամարկյալների կյանքն այստեղ ամենեւին էլ ձաձրալի չէ։ Օրինակ ծերանոցներից մեկում հուլիսին մի շարք միջոցառումներ են իրականացվել։ Օրինակ նշել են ամառային ավանդական տոնը (Sommerfest), կազմակերպել զբոսարշավ գյուղ-թանգարան եւ այլն։ Ինչպես տեսնում ենք, միջոցառումները շենքի պատերով չեն սահմանափակվում։ Ի դեպ շատ ծերանոցներ ունեն այգի, որտեղ խնամարկյալները ժամանակ առ ժամանակ հավաքվում են, օրինակ համատեղ ճաշկերույթի, թեյախմության համար եւ այլն։

Հայաստանում պահպանվում են ամուր ընտանեկան կապերի հին ավանդույթները ու մարդիկ, որպես կանոն, իրենք են իրենց տանը պահում ծեր կամ հիվանդ ծնողներին։ Բայց երբեմն հանգամանքները այլ բան են թելադրում։ Մեկը չունի մտերիմներ, մյուսն ունի հարազատներ, բայց նրանք ծերերին պահելու համար ֆինանսական հնարավորություններ չունեն  ․․․ Ելքը մեկն է ՝ ծերանոցը։

Հայաստանում գործում է ծերերի ու հաշմանդամների սոցիալական ապահովության ինը կազմակերպություն, որոնցից հինգը՝ պետական։ Ընդհանուր առմամբ դրանք ունեն գրեթե 1․4 հազար խնամարկյալ։ Այդ կազմակերպությունների ինը շենքերից միայն երկուսն են (երկուսն էլ ոչ պետական) բավարար վիճակում գտնվում։ Մնացած վեց շենքերն ընթացիկ վերանորոգման կարիք ունեն, իսկ մեկը՝ կապիտալ։ Իսկ գերմանական ծերանոցների վիճակը պատկերավոր երեւում է ստորեւ ներկայացված լուսանկարներում։