Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում կբացվի փարիզյան Լուվր թանգարանի մասնաշենքը, հայտնում է Lenta-ն։
Թանգարանի բացման կապակցությամբ կկազմակերպվի ժամանցային ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի դիտել ներկայացումներ, համերգներ ու պարային համարներ։ Միջոցառմանը ներկա է գտնվելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մասնաճյուղի հավաքածուն ներառելու է մոտ 700 արվեստի գործեր, որոնք տրամադրել են թե ՄԱԷ-ի , թե Ֆրանսիայի իշխանությունները։ Այցելուները կկարողանան տեսնել Էդուարդ Մանեի, Պոլ Գոգենի, Պիտ Մոնդրիանի, Այ Վեյվեյի ու այլ վարպերտների աշխատանքները։
Բացի այդ՝ թանգարանի տարածքում կլինի պատկերասրահ՝ նվիրված համաշխարհային կրոններին։ Այնտեղ ներկայացված են լինելու թերթիկ Երկնագույն Ղուրանից (մուսուլմանների սրբազան գրքի ձեռագիրը), գոթական Աստվածաշունչը, Հնգամատյանը, նաեւ բուդդայականության ու դաոսականության մասին տեքստեր։
Թանգարանում նաեւ ներկայացվելու են քանդակներ։ Իտալացի Ջուզեպե Պենոնեն ցուցադրելու է իր ինստալյացիան, որի կենտրոնական տարրն է լինելու հսյակական բրոնզե ծառը՝ ճյուղերի վրա հայելիներով։ Քանդակագործի մտահղացումով՝ այս ստեղծագործությունը պետք է շեշտի կապը մարդու, բնության ու արվեստի միջեւ։
Աբու Դաբիումբացվող Լուվրի տոմսերը արժենալու են 60 դիրհամ ( ԱՄՆ 16 դոլար) մեծահասակների համար ու 30 դիրհամ՝ 13-22 տարեկանների համար։ Մինչեւ 13 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Թանգարանի շինարարությունը մեկնարկել էր 2009-ին։




























