Հայաստանը ճանապարհ է բռնել դեպի անապատացում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին մեկ ամսում Հանրապետության անտառներում բռնկված հրդեհների դեպքերին:

«Կլիմայի՞ փոփոխության ազդեցությունն է, թե՞ մարդկային գործոնը: Քրեական գործեր պետք է հարուցվեն եւ ուսումնասիրվեն, դժվար եմ պատկերացնում, որ առանց մարդու ազդեցության Հայաստանի այդքան տեղերում բռնկվեին հրդեհներ: Կարող է՝ անզգուշություն լինի կամ ուղղակի դիտավորություն: Ունենք դեպքեր, որ մարդկանց աչքն այդ տարածքների վրա է. ուզում են հանք բացել, կամ տուրիստական զվարճանքի գոտիներ ստեղծել, միշտ պայքարել ենք դրա դեմ, հիմա շատ հարմար ժամանակ է, շոգ է եւ կարելի է ասել, որ օրինակ, կայծակից բռնկվեց, բայց հավանականությունը շատ քիչ է: Երկու գործոնն էլ կա՝ մարզու գործունեությունը եւ կլիմայի փոփոխությունը»,- ասաց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի գնահատմամբ, Հայաստանում անտառները կենսաբազմազանության առումով շատ հարուստ են եւ պետք է ամբողջ ներուժն օգտագործվի հրդեհները կանխարգելելու եւ կորուստը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Հայաստանում պարբերաբար հրդեհներ են բռնկվում տարբեր մարզերում եւ անտառներում: Ամենախոշոր հրդեհները բռնկվել են Վայոց ձորի Արտավան համայնքի հարակից անտառներում, «Խոսրովի արգելոցում» եւ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքներում: