Հարավային Կորեայում ավելի քան 30 մարդ է տուժել ոստիկանական ուժերի հետ բողոքի ակցիայի մասնակիցների բախումների ընթացքում: Մոտ 300 գյուղաբնակներ բողոքում են THAAD ՀՀՊ լրացուցիչ համակարգերի տեղակայման դեմ: Reuters-ը հայտնում է, որ ցույցը ցրելու համար ներգրավվել է 8 հազար ոստիկան:

Լրացուցիչ THAAD արձակման կայանքների տեղակայման մասին որոշումն ընդունվել է Հյուսիսային Կորեայի վերջին միջուկային փորձարկումից հետո: Սեպտեմբերի 7-ին 4 կայանքներ տեղակայվել են երկրի հարավում գտնվող գոլֆի նախկին դաշտում:

THAAD համակարգերի տեղակայման որոշումը հարուցել է Չինաստանի վճռական առարկությունը, որը կարծում է, որ այն կարող է օգտագործվել իր տարածքն ուսումնասիրելու համար եւ կխախտի տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությունը: