ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության եւ գիտության ոլորտի հետ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախատեսված են Կրթության զարգացման պետական ծրագրով:

ԿԳ նախարարը, շեշտելով, որ կառուցվածքային բարեփոխումների հիմնական գործընթացն արդեն ավարտված է, նշել է, որ առաջիկայում կարեւորվում է կրթության բովանդակության եւ կառավարման համակարգի բարելավումը: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության համակարգի առաքելությունը ոչ  միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաեւ արժեքների հաղորդումն ու ձեւավորումը: 

Այս համատեքստում, հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի ընդհանուր շուկա, Լեւոն Մկրտչյանն առաջարկ  է ներկայացրել  հեռանկարային ծրագրերում քնարկել տարածաշրջանի բոլոր երկրներում կրթական միասնական չափանիշներով առաջնորդվելու հարցը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ն այս հարցում կարող է ցուցաբերել կարեւոր աջակցություն:

Իր հերթին  Դմիտրի Մարիյասը նշել է, որ  կրթությունը կարեւոր օղակ է՝ մնացած ոլորտների հետ համագործակցելու համար, եւ իրենց  կողմից իրականացվող բոլոր ծրագրերն առնչվում են կրթության համակարգին: Նա նաեւ  պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը: