Խարդախություն կատարելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակից Արամայիս Ավետիսյանի պաշտպանը պատրաստվում է Վճռաբեկ դիմել:
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանին առաջին ատյանը դատապարտել էր պայմանական ազատազրկման: Վերաքննիչը, սակայն, բեկանել էր առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու փոփոխել՝ վերացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելը:
«Մենք Վերաքննիչի որոշումը բողոքարկելու ենք»,- NEWS.am-ին ասաց քաղաքապետարանի պաշտոնյայի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիսյանը խարդախություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հոկտեմբերի 27-ին Ն. շենգավիթ 6-րդ փող. թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու պատրվակով, Ս. Ղևոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսական մասի և սպասարկման անձնակազմի ղեկավարի միջոցով պահանջել և վերջինիցս ստացել է 800 հազար դրամ, սակայն դրանից միայն 120 հազար դրամով կատարել է օրենքով սահմանված պետական վճարումները, իսկ մնացած 600 հազարը խաբեությամբ հափշտակել է:




























