Քրեական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց սուտ մատնության հիմքով քրեական գործերի հարուցման եւ քննման ժամանակ: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում նշվում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 26-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Կառավարություն է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին։

2017թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Կառավարության նիստի օրակարգում առաջադրված օրենքի նախագիծը ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ թողնվել է առանց քննարկման, հետևյալ հիմնավորմամբ՝ «նկատի ունենալով, ՀՀ դատարանների կողմից Օրենքի նախագծի կարգավորման առարկայի քննումը, և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սպասվող նախադեպային որոշման կայացումը»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակի կողմից կատարված իրավական վերլուծությունը ցույց է տվել, որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց սուտ մատնության հիմքով քրեական գործերի հարուցման և քննման ժամանակ։ Ներկայացվող օրենսդրական փոփոխությունը միտված է լրացնել այդ բացը և կարգավորել այն խնդիրները, որոնք մինչ այժմ անբաժանելի են իրավակիրառ  պրակտիկայից։

ՀՀ Կառավարության կողմից օրենքի նախագծի քննարկումից հրաժարվելու հիմնավորումը իրավական տեսանկյունից անընդունելի է այն պատճառաբանությամբ, որ օրենսդրական բացերի լրացման և օրենսդրության փոփոխման սահմանադրաիրավական պարտավորությունը դրված է ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարանի, այլ պատգամավորների, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների և ՀՀ Կառավարության վրա, որոնք մարդու իրավունքների հարգման, ապահովման և պաշտպանության համար պետք է սահմանեն այնպիսի պայմաններ, որոնք ժանանակին կարող են իրականացվել։

Արդարացված չէ սպասել ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշմանը, երբ շարունակվում են խախտվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Ավելին, հայտնի չի կարող լինել նաև այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի ենթադրյալ նախադեպային որոշումը լրացնելու է առկա իրավական բացը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային Վանաձորի գրասենյակը ՀՀ Կառավարության կողմից սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգի մասին Օրենքի նախագիծը չընդունելու հիմնավորումը գնահատում է որպես ՀՀ Կառավարության կողմից իր սահմանադրաիրավական պարտավորության կատարումից հրաժարում, որով խախտվում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու և դատական իշխանության անկախության սկզբունքը»: