Արտագնա աշխատանքի մեկողների ընտանիքները չեն զրկվի իրենց հասանելի նպաստներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ նախարարությունը այդկերպ ցանկանում է վերահսկել նպաստառու ընտանիքների եկամուտը:

«Խոսքը արտագնա աշխատողների ընտանիքներին նպաստից դիտմամբ զրկելու մասին չէ: Այդպիսի խնդիր դրված չի եւ չի կարող լինել: Մենք ունենք անապահովության գնահատման համակարգ, որը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում նաեւ եկամուտ ունենալը կամ չունենալը», - ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով, եթե ընտանիքի անդամներից մեկը բացակայում է, ապա նախարարությունը բացակայության հանգամանքը դիտարկում է որպես գործոն՝ անապահովության գնահատումն իրականացնելիս. «Այս քայլերով փորձ ենք անում լուծել այն հիմնարար խնդիրը՝ բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, որպեսզի այն ընտանիքները, որոնք անապահով չեն, չօգտվեն այդ իրավունքից, իսկ նրանք, ովքեր անապահով են եւ դուրս են մնացել, օգտվեն»:

Վերջինս նաեւ նկատեց, որ արտագնա աշխատանքի մեկնելը կամ առհասարակ աշխատանք ունենալը չի ենթադրում նպաստի տրամադրման բացառում. «Համակարգում ընդգրկված է 106 հազար ընտանիք, որտեղ կան աշխատող ընտանիքներ, այսինքն՝ աշխատավարձ ստանալը դեռեւս չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»: