Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ազգային բանակին արգելել է արտասահմանում ցանկացած զորավարժության մասնակցել եւ պահանջել է այս արգելքը խախտած պաշտպանության փոխնախարար Գեորգի Գալբուրի անհապաղ հրաժարականը:
«Որպես գլխավոր հրամանատար՝ ես հրաման եմ ստորագրել, որի համաձայն՝ Մոլդովայի զինվորականներին արգելվում է երկրի սահմաններից դուրս ցանկացած գործողության մասնակցել առանց նախագահի հետ նախնական համաձայնեցման: Դրանից բացի, ես պահանջում եմ պաշտպանության փոխնախարարի հրաժարականը եւ պատժել մեր զինվորականներին Ուկրաինա, որտեղ պատերազմ է ընթանում, ապօրինի ուղարկելու համար մյուս մեղավորներին»,- ասել է Դոդոնը, փոխանցում է «Իզվեստիան»:
Նախագահն այսպես է արձագանքել կառավարության որոշմանը՝ ՆԱՏՕ-ի Rapid Trident զորավարժություններին մասնակցելու համար Ուկրաինա 57 զինվորականների ուղարկելու մասին: «Կառավարությունն առաջին անգամ զինված ուժերին հրաման է տալիս ի հակակշիռ գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրության: Սա անթույլատրելի է: Նախագահը ձեզ դուր է գալիս թե ոչ՝ կա օրենքի պահանջ, կա նախագահ, որն ընտրվել է համաժողովրդական ընտրություններում»,- շեշտել է Դոդոնը:




























