Իսրայելը կանի հնարավոր ամեն ինչ՝ Իրանի և Սիրիայի միջև միջանցքի կառուցումը կանխելու համար։ Այդ մասին սեպտեմբերի 8–ին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք Թեհրանի և Դամասկոսի միջև շիական կամրջի ստեղծումը։ Մենք վճռականորեն մտադիր ենք մեր թշնամիներին թույլ չտալ վնաս հասցնել Իսրայելի անվտանգությանը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 7–ին, Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքին հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել էր երկու սիրիացի զինվոր։ Սիրիայի զինված ուժերի ղեկավարությունը պնդում է, որ Լիբանանի տարածքից իսրայելական ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտ գտնվող սիրիական բանակի ռազմական դիրքերի ուղղությամբ։
Լիբերմանը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել հարձակման փաստը, սակայն նշել է, որ «այսօր և երեկ ուղերձներ է ստացել բոլոր կողմերից՝ սիրիական զինված օբյեկտին իսրայելական օդուժի կողմից հասցրած ավիահարվածի վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքով»։
Պաշտպանության նախարարը նշել է, որ այն բանից հետո, երբ 2011–ի գարնանը Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել, յուրաքանչյուր օր ինչ որ բան է պայթում կամ այրվում, արկեր են թռչում, ռումբեր ընկնում։ «Դրանք միջսիրիական խնդիրներ են։ Իսրայելն իր գլխին արկածներ չի փնտրում, մենք հակամարտություն չենք ներխուժում, մեզ պետք չէ Սիրիայի հետ պատերազմ»,– հավելել է Ավիգդոր Լիբերմանը։




























