Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ դամբարանի հարեւանությամբ տեղի է ունեցել հերթական ապօրինի հուղարկավորությունը: Գուգարաց թեմի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մատուռ դամբարանը պետության խնամքի տակ է, որը որեւէ քայլ չի կատարում մատուռ-դամբարանի պահպանման ու նոր հողազավթումների դեմ:
«Մատուռ դամբարանը պետական պահպանման տակ է վերցված, բայց բացիթողի վիճակում է, որեւէ կերպ չի պահպանվում»,-ասաց նա՝ հավելելով, որ սա միակ հուղարկավորությունը չէ, 2000 թվականներին այստեղ տասնյակ հուղարկավորություններ են արվել, տասնյակ շիրիմներ կան:
«Մենք դեմ չենք, որ եթե օրինակ ամուսինը թաղված է, մյուսին թաղեն նրա կողքը: Մեր խնդրանքը պետական մարմիններին, որ քայլեր ձեռնարկեն՝ նոր հողազավթումների առաջն առնելու եւ նոր թաղումներն արգելելու ուղղությամբ: Մշակույթի նախարարությունը այդ առիթով որեւէ գործառույթ չի իրականացնում, բարձիթողի վիճակ է: Ես զեկուցել եմ Սրբազանին, նա էլ տեղեկացրել է նախարարությանը դեռեւս ամռանը: Նախարարությունից պատասխանել էին, թե նման բան չկա, այս դեպքում նախարարության համապատասխան աշխատակիցները հավանաբար տեսողության խնդիր ունեն»:
Հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի խոսքով՝ տարածքը ոչ եկեղեցուն է պատկանում, ոչ էլ գյուղապետարանին. «Ոչ եկեղեցին է տվել, ոչ էլ գյուղապետարանը: Ոչ մեկ տարածք չի տվել, գնացել հողը վերցրել փորել թաղել են»,-ասաց նա, մեկ անգամ եւս նշելով, որ սրբավայրը պետության պահպանման տակ է, ով էլ պետք է զբաղվի սրբավայրի պահպանմամբ:





























