Կրթության նախարարի պաշտոնի հետ փաստորեն Լեւոն Մկրտչյանն անհամատեղելի է: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով նրան, որ Լեւոն Մկրտչյանը մահացու վրաերթի հեղինակ Հրազդանի քաղաքապետի որդուն նախագահականում ոսկե մեդալ շնորհելուն անդրադառնալով ասել էր, որ կրթության ոլորտում երեխայի առաջադիմությունը չպետք է կապ ունենա այլ ոլորտում նրա վարքի հետ:
«Կրթության եւ գիտության նախարարին չի սազում այդ միտքն ասելը, իր դիրքից, իր պաշտոնից չի բխում, ինքը ԿԳ նախարարն է, ով շատ լավ պետք է իմանա, որ կրթությունը միայն ստացած թվանշանները չեն»,-ասաց Բախշյանը:
Նրա կարծիքով կրթությունն այն արժեքներն է նաեւ, որ ձեւավորում է օրինապահ, հանդուրժող մարդ-քաղաքացի, որը դաստիարակվում է ընտանիքում, եւ որին պիտի դաստիարակի դպրոցը. «Ընտանիքը չի դաստիարակել, տեսնում ենք, որովհետեւ եթե 16 տարեկան անչափահաս տղան առանց վարորդական իրավունքի վարում է մեքենան, խախտում է անում եւ մեքենայի տակ գցում է մարդուն, որը մահանում է, էլ ինչ կրթության մասին է խոսքը: Կարող է ծնողը չի էլ իմացել, չգիտեմ՝ իրենց ընտանիքում ինչ դրվածք է: Դա ինձ արդեն շատ քիչ է հետաքրքրում:
Նախարարն ասում է՝ ի՞նչ է, որ պաշտոնյայի երեխա է դժբախտ պատահար չի կարո՞ղ լինել: Իհարկե, կարող է լինել: Բայց խոսում ենք անօրինության մասին: Խոսում ենք այն մասին, որ անչափահաս տղան առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, մարդ է գցել մեքենայի տակ, արդյունքում մարդը մահացել է: Սա չհասկանալը եւ այդ պատասխանը տալը կրթության նախարարին անհամատեղելի է»:
Անահիտ բախշյանը Լեւոն Մկրտչյանի այդ հայտարարությունից հետո քաղաքացիական նախաձեռնություն է սկսում՝ նրա հրաժարականը պահանջելու. «Եթե ինքն այդքան հեշտության է խոսում դրա մասին, ուրեմն ինքը կրթության արժեքն ընդհանրապես չի կարեւորում: Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ եք այդ տղային բերել ներկայացրել պարգեւատրման»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականները պարգեւատրվել էին նախագահականում, այդ թվում՝ նաեւ Ռազմիկ Դանիելյանը՝ Հրազդանի քաղաքապետի որդին: Նա հոր ծառայողական մեքենայով մահացու ելքով վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն:



























